Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովում, որը հայտնի է որպես Միացյալ Նահանգների Հելսինկյան կոմիտե, Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ճեպազրույց է անցկացվել:
Ճեպազրույցի ընթացքում ելույթ են ունեցել Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր Օդրի Ալթստադը, Meydan հեռուստաընկերության տնօրեն Էմին Միլին եւ «Freedom Now» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Մուրան Թերները:
Իր ելույթում Օդրի Ալթստադը նշել է, որ Արեւմուտքում ընդունված է Ադրբեջանին լավ գործընկեր անվանել: Սակայն, համակարգը, որը ճնշում է մարդու իրավունքները եւ ազատությունները, լավ գործընկեր չէ, որին կարելի է վստահել:
Ավելին, ըստ նրա, Ադրբեջանի քաղաքական համակարգը ավելի ու ավելի է հեռանում ժողովրդավարական նորմերից: «Ադրբեջանում ժողովրդավարությունը դրսեւորվում է ոչ թե բովանդակության մեջ, այլ ձեւի», - ասել է նա՝ հավելելով, որ Արեւմուտքում կան որոշակի մարդիկ, որոնց խաբել են Ադրբեջանի կառավարության կողմից տրված նվերներով եւ խոստումներով:
Իր հերթին Մուրան Թերները ընդգծել է, որ Իլհամ Ալիեւը իր ընտանիքի շուրջ է համախմբել իշխանությունը, մինչդեռ քաղաքական դրդապատճառներ ունեցող ձերբակալությունները Ալիեւին պաշտպանում են քննադատությունից: Թերները նշել է, որ ժամանակն է Ադրբեջանի համար նոր ռազմավարության մշակել:
Meydan TV-ի տնօրեն Էմին Միլին ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել բացահայտել Ադրբեջանում կոռուպցիան եւ պարզել, թե ինչպես է Ալիեւի վարչակազմը կաշառել ամերիկացի պաշտոնյաներին, լրագրողներին եւ փորձագետներին: «Իլհամ Ալիեւի դեմ պատժամիջոցների մասին խոսելը շատ կարեւոր է, քանի որ Ադրբեջանում քրեական բուրգի վերեւում նա է կանգնած», - ասել է Միլին:
Նա շեշտել է, որ ադրբեջանական ԶԼՄ-ները ակտիվորեն քննադատում են եւ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի դեմ են արտահայտվում, քանի որ Ալիեւը որեւէ վտանգ չի զգում արեւմտյան քաղաքական գործիչների կողմից: «Նա կարծում է, որ կարող է կաշառել նրանց», - ավելացրել է նա:





























