Լոռու մարզպետ, ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանը սպասում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը ձեւավորվի, այնուհետեւ հրաժարականի դիմում կգրի: NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Նալբանդյանը խոստովանեց, որ փոքր ու մեծ չլուծված խնդիրները հանգեցրին հեղափոխության, եւ հույս հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը կկարողանա լուծել այդ խնդիրները:

«Կառավարությունը ձեւավորվի, ես անմիջապես հրաժարական եմ տալու: Իմ մոտ այնպես չի, որ ինձանից հետո ջրհեղեղ լինի: Մինչեւ վերջին օրը կկատարենք մեր աշխատանքը եւ նորմալ վիճակով կհանձնենք նոր ձեւավորված կառավարությանը»,-ասաց մարզպետը։

ՀՀԿ-ական պաշտոնյայի կանխատեսմամբ՝ նոր ձեւավորված իշխանության համար հեշտ չի լինելու կոռուպցիայի, մենաշնորհների ու արատավոր երեւույթների դեմ պայքարում: «Չեմ կարծում, որ հեշտ է լինելու, համենայն դեպս՝ ես լավատես մարդ եմ, ուզում եմ վստահ լինել, որ կստացվի»:

Հանրապետական կուսակցության՝ իշխանություն վերադառնալու հետ կապված էլ Արթուր Նալբանդյանը հույսեր ունի: Կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում քվե ստանալու շանս ունի, բայց թե քանի քվե, դժվարացավ կանխատեսել. «Համենայն դեպս՝ շուտ է խոսվել այդ մասին, որովհետեւ էս խմորը շատ ջուր է վերցնելու: Դեռ պիտի տեսնենք՝ ի՞նչ քաղաքական ուժեր կմասնակցեն»: