Նիկոլ Փաշինյանի ընտրվելը վարչապետի պաշտոնում մեծ սպասելիքներ առաջ բերեց հասարակության շրջանում։ Այս մասին մայիսի 10-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:
Նա, մասնավորապես, էկոլոգիական ու բնապահպանական քաղաքականության լուրջ բարեփոխումներ է ակնկալում, քանի որ հակառակ պարագայում երկրին շատ լուրջ խնդիրներ կսպառնան. «Շատ տարիներ Հայաստանում էկոլոգիական խնդիրների մասին լռել են։ Իրավիճակն այնպիսին էր, որ բոլոր այն ոլորտները, որոնցից կարելի էր արագ շահույթ ստանալ, ծառայում էր կոնկրետ մարդկանց, որոնք հարստանում էին էկոլոգիայի եւ մեր քաղաքացիների առողջության հաշվին»,–շեշտել է Դանիելյանը:
Խոսքը, նրա հավաստմամբ, քաղաքաշինության եւ լեռահանքարդյունաբերության մասին է։ Բնապահպանը հույս է հայտնել, որ կառավարությունը կփոխի իր քաղաքականությունը նշված ոլորտներում։



























