Մեքսիկայի Մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտի գիտնականները եւ Իսպանիայի նրանց գործընկերները Յուկատան թերակղզում եռաչափ ձեւաչափով սկսել են ստեղծել մայայի քաղաքակրթության շինությունների առաջին ռեեստրը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Televisa հեռուստաալիքին:
Հետազոտողները հազարավոր բարձրորակ լուսանկարներ կանեն, որպեսզի դրանց օգնությամբ վիրտուալ մոդելներ ստեղծեն: Նման մոդելները թույլ կտան ավելի քան հազար տարի առաջ կառուցված շենքերի դիագնոստիկա անցկացնել, ինչպես նաեւ պարզել, թե սկզբնական շրջանում ինչ տեսք են ունեցել եւ ինչպիսին էր ճարտարապետների նախնական մտահաղացումը:
Առաջինն այս ցուցակում կլինի մայաների հնագույն քաղաքում՝ Ուշմալում գտնվող այսպես կոչված Կառավարչի պալատը:
Շենքը կառուցվել է մեր թվարկության 980 թվականին եւ համարվում է մայաների ճարտարապետական ժառանգության մարգարիտներից մեկը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ լազերային ռադարների օգտագործումը գիտնականներին թույլ է տվել հայտնաբերել մայաների տասնյակ հազարավոր շենքեր, որոնք թաքնված էին Գվատեմալայի հյուսիսում գտնվող ջունգլիներում: Մասնագետների նախնական գնահատականներով՝ այդ քաղաքներում կարող էր ապրել շուրջ 10 միլիոն մարդ:



























