Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով  հարուցված քրեական գործը:

Այսպես, հիշյալ քրեական գործի նյութերի համաձայն` ՀՀ բնապահպանության նախարարության Սեւան ազգային պարկ ՊՈԱԿ-ին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման եւ պետական սեփականության կառավարման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությամբ արձանագրվել են պետական շահերի խախտման մի շարք փաստեր:

Մասնավորապես, չարաշահումների դեպքեր են արձանագրվել վերը նշված ՊՈԱԿ-ի եւ Շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ ՍՊԸ-ի միջեւ 2016 թ.-ին կնքված 15.700.000 ՀՀ դրամ արժեքով 2 պայմանագրերի կատարման գործընթացում: Պարզվել է, որ Սեւան ազգային պարկ ՊՈԱԿ-ի եւ վերոհիշյալ ՍՊԸ-ի պաշտոնատար անձինք ստորագրել եւ հաստատել են կեղծ տեղեկություններ բովանդակող մի շարք պաշտոնական փաստաթղթեր, թե իբր նշված պայմանագրերով նախատեսված արժեքներով աշխատանքները կատարվել են, մինչդեռ դրանց մի մասն իրականում կատարված չի եղել: Հիշյալ պաշտոնատար անձանց գործողությունների հետեւանքով պետությանը պատճառվել է 4.700.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Կատարվում է նախաքննություն: