Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի պաշտոնավարության շրջանը սկսել է բուհի կանոնադրության կոպտագույն խախտումներով մինչեւ տարատեսակ հանցագործություններ։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին՝ լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի համալսարանից հեռացված դասախոսներից Գագիկ Համբարյանը՝ շեշտելով, որ ապօրինությունների մեծ մասը կապված է եղել գնումների եւ շինարարության հետ՝ ոլորտներ որոնք առավել շատ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում։

«Օրինակ, Շիրակի պետական համալսարանի դահլիճը բուհի համար արժեցել է 118 մլն դրամ, միայն վերանորոգումը, այն պարագայում, երբ կահավորումը նվեր է եղել Համաշխարհային բանկի կողմից։ Բուհի բուֆետը 25 մլն դրամ է եղել այն պարագայում, երբ սոցիալապես ծանր վիճակում գտնվող բուհը այլ խնդիրներ ուներ»,–շեշտել է բուհի նախկին դասախոսը։

Նրա համոզմամբ՝ ռեկտոր Մինասյանը բացարձակապես չի հասկանում ինչ ասել է բարձրագույն կրթություն. «Նա որոշում էր կայացրել լսարանային ժամերը կրճատել 50 տոկոսով, ֆիզիկական կուլտուրայի ֆակուլտետը ոչնչացվեց, եւ ընդգրկվեց մանակվարժության ֆակուլտետի մեջ, արդյունքում նախազորակոչային պատրաստության ամբիոնը մնաց օդից կախված եւ անմիջականորեն ենթարկվում է պարոն Մինասյանին։ Իսկ ուսումնական պլանները հաստատվել է ուսումնական տարվանից մեկ ամիս անց, մինչդեռ մյուս համալսարաններում ուսումնական պլանը հաստատվում է մինչեւ ուսումնական տարվա սկիզբը»,–նկատեց Գագիկ Համբարյանը։

Նա նաեւ ներկայացրեց ՇՊՀ–ի ֆինանսական հաշվետվությունը որպես ապացույց, որ ռեկտորը զբաղված է համալսարանի փողերի մսխմամբ. «Այսպես, 2017 թվականին ՇՊՀ բյուջեի բացասական սալտոն կազմել է 242 մլն 273 հազար դրամ։ Պարոն Մինասյանի թալանչիական գործունեության արդյունքում պարզվում է, որ տրանսպորտային ծախսերի համար 2.5 մլն դրամ է հատկացվել ֆուտզալի հավաքականին, որը 2 տարի առաջ է ստեղծվել։ Գուցե ֆուտզալի երկրպագու է ռեկտորը։ Բայց նույն ռեկտորը գումար չի հատկացնում երեխաներին Արցախում կայանալիք գիտաժողովի մասնակցելու համար։ Ուսանողներին զեղչեր չի անում, սակայն ՀՀԿ–ի կողմից վերահսկվող Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է տրամադրում 6 մլն դրամ նախատեսված 1.5 մլն–ի փոխարեն»,–զարմանքով պատմեց նա։

Սակայն սրանով չեն ավարտվել ռեկտորի ուշագրավ գնումները, որոնք ըստ դասախասի այդպես էլ չեն ներկայացվել gnumner.am եւ azdarar.am կայքերում. «1 մլն 300 հազար ռեկտորը տվել է դիզայների ծառայությունների համար, 14 մլն դրամ տրամադրել է դիզելային գեներատոր գնելու, այն դեպքում երբ բուհը ռազմական օբյեկտ չէ կամ կարեւոր լաբորատորիա, անհականալի է, թե քանի անգամ է այդ գեներատորը օգտագործվել։ Ավելին 15 մլն 900 հազար օգտագործվել է կենցաղային սարքավորումներ գնելու համար»,–երեւում է ԿԳՆ հրապարակած հաշվետվությունում։

Գագիկ Համբարյանը նշեց նաեւ, որ երբ խնդիրներ են բարձրաձայնել, ռեկտորը իրենց թիկունքում մարդիկ է փնտրել. «Երբ բարձրաձայնում ենք այս խնդիրների մասին, ռեկտորը հայտարարում էր, որ մեր թիկունքում մարդիկ կան՝ նշելով Ֆարմանյան Սամվելի, Սուքիաս Ավետիսյանի, Մարտուն Գրիգորյանի, Վարդեւան Գրիգորյանի»։