«Բժիշկներ առանց սահմանների» (MSF, Médecins sans frontières) կազմակերպությունը Գազայի հատվածում տասնյակ մարդկանց սպանությունը անթույլատրելի եւ անմարդկային է համարել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Բժիշկներ առանց սահմանների»–ն դատապարտում է Գազայում տեղի ունեցածը։ Մենք կարող ենք հաստատել 55 մարդու սպանությունը եւ 2271 վիրավորների փաստը։ Ընդ որում, նրանցից 1359–ը վիրավորվել է ռազմական փամփուշտներից։ Դա անմարդկային է եւ բացարձակապես անթույլատրելի»,–նշված է կազմակերպության հաղորդագրությունում։
MSF–ում նաեւ կոչ են արել Իսրայելին դադարեցնել անհամաչափ ուժի կիրառումը պաղեստինցի ցուցարարների նկատմամբ։ Ակցիան անցկացվել է Գազայի հատվածում ի նշան Իսրայելի ստեղծման 70–ամյակին ու այդ առիթով Թել Ավիվից ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու դեմ բողոքի։ Իսրայելի զինվորները կրակ են բացել բողոքի ցույցի մասնակիցների ուղղությամբ։ Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ զոհվել է 59 մարդ, եւս շուրջ 2.7 հազարն էլ վիարվորել է։ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը եռօրյա սուգ է հայտարարել։ Գազայի հատվածում իրավիճակը երեքշաբթի կքննարկվի ՄԱԽ ԱԽ-ում։





























