Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 19-ին հետաձգվել է «Ժամանակ» օրաթերթի դեմ Բելլա եւ Սեդրակ Քոչարյանների ներկայացրած հայցի քննությունը: Հայցվոր կողմն այսօր չէր ներկայացել դատարան, եւ դատավոր Արայիկ Մելքումյանը որոշում է կայացրել հայցի քննությունը հետաձգել մինչեւ փետրվարի 1-ը, ժամը 12:30-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դեմ` պարբերականին մեղադրելով  քոչարյանների բարի համբավը արատավորելու մեջ: Քոչարյանների ընտանիքը 6 մլն դրամ փոխհատուցում է պահանջում ընդդիմադիր պարբերականից:

Ի դեպ, «Ժամանակ» օրաթերթի շահերը դատարանում պաշտպանում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Վերջինս NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անհիմն է որակել քոչարյանների հայցը՝ նկատելով, որ հայցը դատարան պետք է ներկայացվեր հոդվածների հրապարակումից մեկ ամիս անց, սակայն շատ ավելի ուշ է ներկայացվել:

Ավելի վաղ «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ այս հայցը Քոչարյան ընտանիքի փորձն է ֆինանսապես ծանր դրության մեջ դնել «Ժամանակ»-ին:

Նրա խոսքով, Ռոբերտ Քոչարյանը թերթում տպագրված մի քանի նյութերի վերաբերյալ պահանջել էր հերքում, որոնք, Բաբաջանյանի հավաստմամբ, տպագրվել են: Սական, ըստ խմբագրի, հերքման տեքստերի հետ դրված հիշեցումները, որոնցում կրկին վերաշարադրվել է հրապարակման բովանդակությունը, Քոչարյան ընտանիքը համարել է իր բարի համբավին հասցված կրկնակի վնաս: