Հայաստանի պաշտպանության նախարարությունում անցկացվել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2010-ի աշխատանքները եւ քննարկվել 2011 թվականի աշխատանքային ծրագիրը:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հասարակական խորհրդի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցով է հանդես եկել խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Ըստ այդմ, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամները 2010 թվականին այցելել են զինված ուժերի 60 զորամասեր, ուսումնասիրել զինծառայողների առողջության պահպանման եւ բուժման հարցերը, նորակոչիկների ընդունման եւ ժամկետային զինծառայողների զորացրման գործընթացները, զինծառայողների սոցիալ-իրավական պաշտպանվածության հարցերը:

«Պատմության եւ մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում հայտնի մտավորականների կողմից զորամասերում անցկացվել է 241 դասախոսություն: Հասարակական խորհրդի հովանու ներքո գործող զորակոչային հանձնաժողովը 2010 թվականի գարնանային ու աշնանային զորակոչի դիտարկման արդյունքում ստացել, ուսումնասիրել ու ընթացք է տվել 82 դիմում-բողոքի:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել հասարակական խորհրդի անդամներին կատարած աշխատանքի համար` նշելով, որ հասարակական խորհուրդը բանակ-հասարակություն կապում կարեւոր օղակ է եւ կարող է իր նպաստը բերել բանակում առկա խնդիրների լուծմանը հանրային աջակցություն ապահովելու գործում: