Հայաստանը թեւեւ ծով չունի, ու չի կարելի ասել, թե հարուստ է լճերով ու գետերով, սկսել է ձուկ արտահանել։ Ընդ որում՝ արտահանման ծավալները տարեց տարի ավելանում են:
Ձկնաբուծության զարգացման հիմքը Հայաստանում Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերն են, որոնք թույլ են տալիս արհեստական ջրամբարներ ստեղծել ու դրանցում ձուկ աճեցնել:
Պետեկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2010 թ. 9 ամսում (տարեկան արդյունքները դեռեւս ամփոփված չեն) արտահանվել է մոտ 160 տոննա թարմ կամ պաղեցրած ձուկ, որն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է ոչ ավելի, ոչ պակաս՝ 560 անգամ։ Մոտ եռակի ավելացել է սառեցրած ձկների արտահանումը՝ 48 տոննա նախորդ տարվա 18 տոննայի համեմատ։ Նվազել է կենդանի ձկների արտահանումը, սակայն այն առանձնապես մեծ ծավալներ չունի՝ 3 տոննա՝ նախորդ տարվա 8 տոննայի համեմատ։
Ընդհանուր առմամբ՝ ձկների արտահանումից 2010 թ. ստացել ենք մոտ 2 մլն դոլարի արդյունք։ Սա չի ներառում խեցգետնակերպերի արտահանումը, որն իր գումարային ծավալներով գերազանցում է ձկների արտահանմանը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ կարելի է ավելացնել ձկների արտահանումը։ Դրա համար անհրաժեշտ է հաստատել ձկան եւ ձկնամթերքի հիգիենայի կանոնները, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի եվրոպական շուկաները մտնելու համար։ Ըստ վարչապետի՝ ձկների արտահանումը 2011 թ. կաճի։
Նշենք, որ կառավարության կողմից հաստատված նոր կանոնակարգով պահանջներ են առաջ քաշվել ոչ միայն արտահանողների, այլ ներքին շուկայում իրացնողների նկատմամբ։ Օրինակ՝ սահմանվել է, որ թարմ ձկնամթերքը պետք է լվացվի միայն խմելու կամ մաքուր ջրով։ Այն վաճառակետերը, որտեղ ձուկ են վաճառում, չպետք է օգտագործվեն այլ նպատակներով, այլ կենդանիններ չպետք է մուտք գործեն այդտեղ։
Հատկանշական է, որ առողջապահության նախարարությունն առարկել է այս կանոնակարգի դեմ, այն հիմնավորմամբ, որ այն տառացիորեն կրկնում է Եվրոպական Պառլամենտի եւ Եվրոպական Խորհրդի 2004 թվականի ապրիլին ընդունած կանոնակարգը։
Սակայն ավելի հավանական է, որ այստեղ դեր են խաղացել գերատեսչական շահերը՝ ձկների հիգիենայի պահանջները եւ դրանց վերահսկողությունը նախկինում սահմանում էր առողջապահության նախարարությունը, իսկ նոր որոշմամբ այն տրվել է գյուղատնտեսության նախարարությանը։ Թե ինչպես էր առողջապահության նախարարությունը հետեւում հիգիենայի կանոններին՝ բոլորիս հայտնի է։ Սակայն հայտնի չէ, թե որքանով հետեւողական կլինի գյուղատնտեսության նախարարությունը։
Սամվել Ավագյան





























