Քաղաքի և հանրային տարածքների բացազատման մեր ընդհանուր քաղաքականության շրջանակներում իրականացվել է այդ քանդումը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ Շինարարների փողոցում գտնվող խանութներն ու կրպակները քանդվել են, մինչդեռ դրանց սեփականատերերը հայտարարում են, որ ունեն բոլոր օրինական փաստաթղթերը, այդ թվում սեփականության վկայականները։

«Այսինքն քաղաքապետը նստեց, նստեց, մտածեց, ասեց՝ գնամ Շինարարների վրայի խանութները քանդե՞մ միտումնավոր, ինչի՞ համար։

Եթե քաղաքապետարանի կամ ցանկացած մարմնի գործողությունները ոչ իրավաչափ են, դրա համար գոյություն ունի դատական իշխանություն, թող դիմեն իրենց իրավունքները պաշտպանեն»,–ասաց նա։

Հարցին՝ սեփականատերերին փոխհատուցում տրվելո՞ւ է, քանի որ հանրային գերակա շահ ճանաչելու դեպքում օրենքը նախատեսում է փոխհատուցում տրամադրել շուկայական արժեքի չափով, փոխքաղաքապետն ասաց, որ ինքը մանրամասներին ծանոթ չէ։

Նշենք, որ նախօրեին սեփականատերերը լրագրողներին ցույց տվեցին սեփականության վկայականները և ասացին, որ իրենց ասվել է, որ արագ քանդում են, որպեսզի իրենք չհասցնեն դիմել դատարան և կանխել դա։ Սեփականատերերը նաև նշում էին, որ իրենց ոչ մի փոխհատուցում չեն տալիս, փոխարենն ասում են՝ դիմեք դատարան փոխհատուցման համար։

Իսկ արդեն այսօր քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ բոլոր շինությունները այդ հատվածում քանդվելու է, քանի որ հանրության շահը գերակա է։