ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

2018թ. մայիսի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել եւ վարույթ է ընդունվել 2018թ. ապրիլի 20-ին Երեւան քաղաքի Արմենակյան-Մյասնիկյան փողոցների հատման մոտակայքում  «Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործը։

Թ.Ենոքյանը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել: Վերջինիս ցուցմունքի համաձայն՝ 2018թ. ապրիլի 20-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Նորք-Մարաշ տանող ճանապարհին մի խումբ քաղաքացիներ փակել են  փողոցը, իսկ մեկ այլ խումբ բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ: Իրեն տեսնելով՝ երկու անձ՝ արական եւ իգական սեռի, բռնություն են գործադրել իր նկատմամբ՝ հարվածել տեսախցիկին, քաշել մազերը՝ արգելելով նկարահանում կատարել, որով խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը:

Քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, քննության առարկա դարձվել դեպքի վերաբերյալ առկա տեսագրությունը։

Արդյունքում՝ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երեւան քաղաքի բնակիչներ են: Կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: