Իռլանդիայում մայիսի 25-ին հանրաքվե է սկսվել, որի մասնակիցները որոշում են երկրում աբորտի օրինականացման հարցը, հաղորդում է DW- ն:
Ներկայումս Իռլանդիայում հղիության ընդհատումն արգելվում է օրենքով: 1983 թվականին տեղի ունեցած անրաքվեից հետո «սաղմի՝ կյանքի իրավունքը» ամրագրվել էր սահմանադրության մեջ: Միաժամանակ Հիմնական օրենքում ավելացվել էր 8-րդ փոփոխությունը, որի համաձայն չծնված երեխան եւ մայրը կյանքի հավասար իրավունք ունեն:
Աբորտ արած կնոջը կարող է մինչեւ 14 տարվա ազատազրկում սպառնալ: 2014 թվականից աբորտները թույլատրվել են միայն այն դեպքում, եթե հղիությունը սպառնալիք է ներկայացնում մոր կյանքի համար: Ընդ որում, իռլանդացիներին չի արգելվում աբորտ անել արտերկրում: 1980-ից միչեւ 2016 թվականներն այս հնարավորությունն օգտագործվել է երկրի 170.000 կանանց կողմից:
Աբորտների արգելման դեմ արշավը նոր թափ էր հավաքել այն բանից հետո, երբ իռլանդուհի Ամանդա Մելեթն աբորտ անելու համար ստիպված էր եղել գնալ Մեծ Բրիտանիա: Նրա պտղին սրտի արատ էր ախտորոշվել, բժիշկը հայտնել էր, որ այն կենսունակ չէ, սակայն բժիշկները հրաժարվել էին ընդհատել կնոջ հղիությունն Իռլանդիայում: Դրանից հետո Մելեթը բողոք էր ներկայացրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովին, որն այս դեպքում հիմնարար իրավունքների խախտում էր արձանագրել:




























