Հրապարակվել է ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանության համար կասկածվողի առաջին ֆոտոռոբոտը: Այն իր ֆեյսբուքյան էջին հրապարակել է Ուկրաինայի Ազգային ոստիկանության պետի տեղակալ Վյաչեսլավ Աբոսկինը, փոխանցում է 112.ua-ն:

Դեպքի վայրում աշխատում են քննչական-օպերատիվ խումբը, ազգային ոստիկանության ապարատի օպերատիվ ստորաբաժանումները, ինչպես նաեւ Կիեւի Ազգային ոստիկանության գլխավոր վարչությունը: Ներկա պահին կազմվել է Արկադի Բաբչենկոյի սպանության համար կասկածյալի ֆոտոռոբոտը: Վկաները եւ միջադեպի հանգամանքները պարզվում են», - ասաց նա:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հաստատել էր Բաբչենկոյի սպանության կապակցության քրեական գործի հարուցումը: Այն հարուցվել էր Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորյալ սպանություն:

Ուկրաինայի ոստիկանությունն առաջադրել էր այն վարկածը, որ լրագրողի սպանությունը կապված է նրա մասնագիտական գործունեության հետ: Ուկրաինայի ներքին գործերի նախարարության խորհրդի անդամ Անտոն Գերաշչենկոն նաեւ հայտնել է, որ կհետաքննվի Ռուսաստանի հատուկ ծառայությունների մասնակցությունը սպանությանը: