Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Կիեւում ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանությունը ողբերգություն է անվանել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ահա, հերթական ողբերգությունը երեկ Կիեւում՝ Արկադի Բաբչենկոն սպանվել է, գնդակահարվել է սեփական շենքի մուտքում, եւ Ուկրաինայի վարչապետն արդեն հայտարարում է, որ դա արել են ռուսաստանյան հատուկ ծառայությունները, իսկ հետաքննությունը դեռեւս չի սկսվել: Բայց հիմա, հավանաբար, կսկսվի»,- ասել է նա «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում ելույթ ունենալիս:
Կիեւում երեքշաբթի երեկոյան գնդակահարել են ռուսաստանցի լրագրող Արկադի Բաբչենկոյին: Նրա մեջքին մի քանի անգամ կրակել են իր տան սանդղահարթակում, լրագրողը մահացել է շտապ օգնության մեքենայի մեջ, հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ կոլեգիայի անդամ, Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն:





























