Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է ուսումնասիրել 2017-2018թվականներին անձի ձերբակալման դեպքերը:

Այս առնչությամբ դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ դատախազությունը շարունակում է քրեական գործերի քննության ընթացքում անձի հիմնարար իրավունքների սահմանափակումներ ենթադրող դատավարական ինստիտուտների կիրառման պրակտիկայի բարելավմանն ուղղված համակարգային ուսումնասիրություններն ու դրանցից բխող միջոցառումները: Հերթական ուսումնասիրության առարկան ձերբակալման՝ որպես  անձի ազատության իրավունքը սահմանափակող դատավարական հարկադրանքի միջոցի պրակտիկան է, դրա  կիրառման տարածվածության եւ հիմնավորվածության հետ կապվող խնդիրների լուծումները:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ դատախազությունում ձեւավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ուսումնասիրել 2017-2018թվականներին անձի ձերբակալման դեպքերը, դրանց շրջանակներում վեր հանել դատավարական հարկադրանքի այդ միջոցի իրավակարգավորման  եւ կիրառության խնդիրները, կրկնվող խախտումների հիմքում ընկած օրինաչափությունները:

Ելնելով ուսումնասիրության արդունքներից՝ կներկայացվեն դրանք բացառելու նպատակով միջոցներ ձեռնարկելուն ուղղված կոնկրետ առաջարկություններ, ինչպես նաեւ կսահմանվեն ձերբակալման առավել հիմնավորվածությունն ապահովելու հստակ չափանիշներ»: