ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սարի Թաղում քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Երեւանի անչափահաս բնակչին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. մայիսի 21-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Սարի Թաղ թաղամասի տներից մեկի բակում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Երեւանի անչափահաս բնակիչը՝ ծնված 2000թ., իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է 30-ամյա Ա.Ղազարյանի որովայնին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Այնուհետեւ պատանին դիմել է փախուստի եւ հանցագործության գործիք հանդիսացող դանակը նետել Երեւան քաղաքի «Գաջի» գործարանի հետնամասում գտնվող «Աղի» լիճը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երեւանի անչափահաս բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, եւ հարցաքննվել։ Անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: