ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՝ ապրիլի 20-ին «Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 20-ին Երեւան քաղաքի Արմենակյան փողոցի մոտակայքում տեղի ունեցող բողոքի ակցիան լուսաբանելու ժամանակ երկու անձ՝ արական եւ իգական սեռի, բռնություն են գործադրել Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանի նկատմամբ՝ հարվածել վերջինիս գլխին, քաշել մազերը՝ արգելելով նկարահանում կատարել, որով խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնության վերաբերյալ, ովքեր հանդիսանում են Երեւանի բնակիչներ՝ արական եւ իգական սեռի՝ ծնված 1999 եւ 1973թթ.:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երիտասարդին եւ Երեւանի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:



























