Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը այսօր՝ մայիսի 30-ին 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Քննչական կոմիտեի Լոռու վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանին։

Վերջինս մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։ Շուշանյանը զբաղեցրել է Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, սակայն սկանդալային բացահայտումից հետո փետրվարի 6-ին Աղվան Հովսեփյանի հրամանով ազատվել է աշխատանքից եւ կալանավորվել:

Նշենք, որ  ըստ մեղադրանքի՝ Շուշանյանը Ալավերդցի Վահագնից 5000 դոլար կաշառք է վերցրել:

Փաստաբան Լուսինե Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում ակնհայտ ապօրինի որակեց դատարանի այս որոշումը։ Փաստաբանի խոսքով, ավարտվել է Կամո Փիրուզյանի սպանության նախաքննությունը, նյութերը տրվել են կողմերին՝ ծանոթանալու։ «Բազմաթիվ ապացույցներ են ձեռքբերվել, թե ինչպիսի գործողություններ է կատարել Շուշանյանը, որ նրա մեղքը ապացուցված է բազմաթիվ ապացույցներով, ընդ որում՝ գաղտանլսումներով։ Առկա են բոլոր հիմքերը, որ նա պետք է գտնվեր կալանքի տակ»,- նշելէ  փաստաբանն ու հավելել. «ՀՀ-ում բազմաթիվ անձինք, որոնց հիմք չկա կալանավորելու, գտնվում են կալանքի տակ, իսկ պաշտոնատար անձը, որն իր գործողություններով փորձել է աջակցել սպանության պատվիրատուին, շեղել է գործի քննությունը, որ Վահագն Աբգարյանը պատասխանատվության չենթարկվի, կատարողն էլ մեղմ պատիժ ստանա, այսօր հայտնվում է ազատության մեջ»։

Լուսինե Սահակյանի խոսքով, սա անթույլատրելի է, եւ իրենք պատրաստվում են որոշ գաղտնալսումներ հանրությանը հանձնել, թե ինչ  իրականում կատարվել։ «Թե քանի պաշտոնատար անձ է այս գործով շահագրգիռ եղել, եւ ինքը՝ Շուշանյանը ինչ առնչություն է ունեցել հանցավոր աշխարհին»,- ասել է Սահակյանը՝ հավելելով, որ բողոք են ներկայացնելու վերաքննիչ դատարան. «Այլապես ուղղակի անիմաստ կլինի այս գործի քննությունը։ Շուշանյանի ազատության մեջ գտնվելու դեպքում էապես լուրջ խնդիրներ են առաջանալու եւ գործի քննությունը վտանգվելու է»։