Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գործող Ռոզ եւ Ալեք Փիլիպոս հայկական վարժարանի ավագ դպրոցի սաներին եւ ուսուցիչներին։ Հյուրերի թվում էր նաեւ Կալիֆորնիայի նահանգային սենատի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ, համայնքային գործիչ Պայծառ Թոմասյանը։
Հանդիպմանը վարժարանի սաները նշել են, որ ուխտագնացության են եկել հայրենիք, եղել են նաեւ Արցախում եւ կիսվել են իրենց տպավորություններով։ Նախագահը զրուցել է սփյուռքահայ աշակերտների հետ, լսել նրանց կարծիքն ու տեսակետները, պատասխանել տարբեր հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին հայրենիքի հզորացման ու զարգացմանը, սփյուռքի ներուժի ներգրավմանը եւ այլն։
Նախագահը վարժարանի սաներին հորդորել է մյուս տարի կրկին այցելել Հայաստան։ «Ձեզնից յուրաքանչյուրը պետք է իմանա, որ տուն ունի այստեղ։ Սա ձեր տունն է, եւ Հայաստանի նման լավ տուն աշխարհում չկա։ Դուք փայլուն երիտասարդներ եք, եւ հպարտ պետք է լինեք, որ հայ եք»,-ասել է նախագահ Արմեն Սարգսյանը։
Հանդիպման ավարտին Պայծառ Թոմասյանը ՀՀ նախագահին է փոխանցել Կալիֆորնիայի նահանգային սենատի նախագահի շնորհավորանքը՝ ավելացնելով, որ սփյուռքում կրթված սերունդը նույնպես պատրաստ է ծառայել հայրենիքին։
Նշենք, որ Լոս Անջելեսում 1969 թվականից գործող Ռոզ եւ Ալեք Փիլիպոս վարժարանում շուրջ 1000 աշակերտ է ուսանում։
.jpg)
.jpg)





























