Առաջիկա օրերին կձեւավորվի  հանձնաժողով, որը կաշխատի Ընտրական օրենսգրքի նոր նախագծի ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, հանձնաժողովում  յուրաքանչյուր խմբակցությունից կներգրավվի երկուական պատգամավոր։ Ներկայացուցիչներ կընդգրկվեն նաեւ քաղաքացիական հասարակությունից։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանն արդեն իսկ մշակում է որոշ  առաջարկներ։

Դեռեւս հայտնի չէ՝ ովքեր կլինեն  Հանրապետական խմբակցությունից, «Ելք» դաշինքից մասնակցելու է պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Վերջինս NEWS.am–ի հետ զրույցում վստահեցրեց՝ թե´ արտահերթ ընտրությունների անցկացման, թե´  Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցի շուրջ  կոնսենսուսը հաջողվելու է։ 

Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը երեկ  գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել էր, որ ՀՀԿ–ն պատրաստ է քննարկել արտահերթ  ընտրություններ անցկացնելու հարցը, մինչդեռ մինչ այդ ՀՀԿ–ականները միաբերան պնդում էին, որ արտահերթ ընտրություն անցկացնելու անհրաժեշտություն չկա, իսկ իրենք պատրաստվում են 2022–ի հերթական ընտրություններին։ 

Էդմոն Մարուքյանը կարծում է, որ  վերջին հայտարարությունը բխում է ՀՀԿ–ի  այն վստահեցումների տրամաբանությունից, որ իրենք չեն  խոչընդոտելու նոր կառավարության գործունեությանը, իսկ Փաշինյանի գլխավորած կառավարության համար արտահերթ ընտրությունները անհրաժեշտություն են։ 

«Ես սա  ոչ այնքան դիրքորոշման փոփոխություն կասեմ, որքան որ պատասխանում են եղած մտահոգություններին առ այն, որ ՀՀԿ–ն փորձում է չխանգարել նոր կառավարությանը։ Իրենք ասում են՝ չկա հարց, որը չքննարկեն, մենք էլ ողջունում ենք այդ մոտեցումը»,–ասաց Էդմոն Մարուքյանը։ 

Պատգամավորը վստահ է, որ ՀՀԿ–ն Ընտրական օրենսգրքի  քննարկումների շուրջ էլ փոխհամաձայնության կգա, եթե անգամ  խնդրո առարկան լինելու է  տարածքային բաց ցուցակների, այսպես ասած, ռեյտինգային ընտրակարգի դրույթի փոփոխությունը։

«Կարծում եմ, որ մեզ հաջողվելու է գալ կոնսենսուսի, որովհետեւ այն հանուն Հայաստանի առաջընթացի է լինելու եւ որեւէ մեկը չի պատրաստվելու խանգարել ՀՀ առաջընթացին։ ՀՀԿ–ն մինչ օրս տեղավորվել է կոնսենսուսի մեջ։ Փաշինյանին ձայն են տվել վարչապետ ընտրվելու համար, կքվեարկեն ծրագրի օգտին եւ քայլ առ քայլ կգնանք առաջ»,–ասաց  պատգամավորը։ Ի դեպ, ռեյտինգային ընտրակարգը իսպառ վերացնելու վերաբերյալ առարկություն ունի նաեւ Էդմոն Մարուքյանը։ Նա առաջարկում է, որ  ինչ–որ  ձեւաչափով այն պետք է պահպանվի եւ մարզերից պատգամավորներ ընդգրկվելու հնարավարությունը պետք է լինի, բայց թե ինչպես, դեռ հայտնի չէ։ «Հնարավոր են այնպիսի լուծումներ, օրինակ, մարզային ներկայացվածության հարցը եւ դա հաշվի կառնենք, ես միշտ քննադատել եմ Երեւանակենտրոն գործընթացը եւ չի կարող լինի այնպես, որ լինի միայն Երեւանի բնակիչներից բաղկացած խորհրդարան»,–մեկնաբանեց Մարուքյանը՝ հավաստիացնելով, որ  քննարկումների արդյունքում ունենալու են այնպիսի Ընտրական օրենսգիրք, որը փարատելու է բոլոր կողմերի մտահոգությունները։