Ծառուկյանին ստուգել են, ստուգելու են. երբ ցանկանան, դռները բաց են: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է ԱԱԾ-ն ստուգումներ սկսի նաեւ իրեն պատկանող ընկերություններում, Ծառուկյանը պատասխանեց. «Մամուլի տեղեկությունները կարդալիս թվում է, թե բոլոր մենաշնորհները Ծառուկյանինն էին, ամենաարհեստական հարսացողն ինքն էր, ամեն ինչը ինքն էր: Ծառուկյանը եթե դրսի իր բիզեսից գումարներ չբերի, իր կառույցները լրիվ բանկրոտի կգնան:

ԱԱԾ-ն ներկայացրել է 350 հոգի հարստացածների մասին եւ իրենց մոտ բոլորի կենսագրությունները, կարած գործերը կան: Մեզ մոտ բաց է, ցանկացած պահի կարող են գալ նայել: Բանկերում էլ է երեւում, թե դրսից ինչքան գումար է գալիս, որ Ծառուկյանը կարողանա իր խնդիրները, հոգսերը հոգա:

Ասում են՝ պարոն Փաշինյանն ասաց՝ մենաշնորհը վերանալու է, բայց ցեմենտի մենաշնորհը չի վերացել: Մարդիկ չգիտե՞ն, որ 4 հատ ցեմենտի գործարան կա: Պարսկաստանից ներկրում են, Վրաստանից ներկրում են: Եթե ես ցեմենտի գործարանը տիրություն չանեմ, ընդհանրապես կփակվի, 1200 մարդ կմնան դուրսը: 3 մլմ դոլարի գազի գումար եմ վճարում, եթե մեկ ամիս աշխատում է: Հոսանքի գումար 1,2 մլն դոլար եմ վճարել: Եթե մի օր չվճարեց, երկրորդ օրը կտրելու են ու տույժ-տուգանք հաշվեն:

Կամ ասում են՝ երբ են ստուգելու Ծառուկյանի կազինոն: Կազինոն մարդիկ եկել 100 մնլն-ի փոխարեն 150 մլն-ի ներդրում են արել մեր երկրում: Որոշել էին տարեկան 7 մլն վճարեն, բայց դարձրին 11 մլն: Ամսական 900 հազար դոլար հարկ են վճարում: Էլ ստուգելը ո՞րն է, թող էլի ստուգեն: Սա պատվերով է արվում՝ ԱԱԾ-ին շեղելու համար, բայց ոչ մի շեղում չի կարող լինել, որովհետեւ իրենց մոտ բոլոր պապկաները դրած է, թե ով ինչով է զբաղվել, ինչ կեղծիքներ է արել, ինչ կեղծիք ու թալան է արել, արհեստական հարստացում է արել»:

Նա նշեց, որ ԲՀԿ-ական նախարարներին ինքն է հանձնարարել, որ ասեն՝ ստուգումները պետք է սկսել իրեն պատկանող ընկերություններից. «Ես ասել եմ՝ թող առաջինն ինձնից սկսեն ստուգումները: Եթե իմ կուսակցության նախարարները փորձեն ուրիշից սկսեն ստուգումները, անհարմար է: Իրենք ինձնից պետք է սկսեն, ինչը պակաս է, կարգավորենք, նոր հետո անցնեն իրենց աշխատանքին: Որ իրենց ճակատը պարզ լինի»: