Օլիգարխը նա է, որ հարստացել է պետության հաշվին, քաղաքականությունը, իշխանությունը ծառայեցրել է իր հարստացման համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից «Երեւան սիթի»-ում լայնածավալ ստուգումներին:

Նրա խոսքով, մարդիկ, որոնք իրենց կյանքում սեփական կատու չեն ունեցել, պաշտոն ստանալուց արդեն միլիարդատեր են. «Դա նրանց է վերաբերում, որ իրավունք չունեն զբաղվելու եւ պետք է պատասխան տան դրա համար: Բոլորը գիտեն՝ ես ինչից եմ ստեղծել: 30 տարիների ընթացքում կամաց-կամաց հասել ենք այսօրվան: Մարդը պետք է լինի հաջողակ, իսկ էդ շնորհը տալիս է Աստված: Տալիս է այն մարդուն, ով բվարի ու կամեցող է»,-ընդգծեց Ծառուկյանը:

Հարցին, թե արդյոք «Ծառուկյան» դաշինքը պատասխանատվություն կրում է այսօրվա կառավարության գործունեության համար, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց. «Ծառուկյան» դաշինքը երբեք պատասխանատվությունից չի խուսափել: Ցանակցած ոլորտ, որ մեր դաշինքը հանձն է առել կատարելու, ամենալավն է անելու: Այսօր բանակցել ենք, որ սա ազգային համաձայնության կառավարություն է: Մեր մասով, որը մենք վերցրել ենք, դուք օր օրի նկատում եք մեր նախարարների պահվածքը, մոտեցումը: Նրանց մոտեցումը մարդկային է, արդարացի է, ծանոթ-բարեկամ չկա, կուսակցական պատկանելիություն չկա: Որեւէ մեկը շեղվեց, անմիջապես իր դիմումի համաձայն տեղը պետք է զիջի, որովհետեւ մի նախարարի պատճառով իրավունք չունի տուժելու մի ամբողջ համակարգ»: