Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը չի բացառում, որ  համալսարանում գործել են եւ շարունակում են գործել կոռուպցիոն սխեմաներ, մասնավորապես քննությունների շրջանում: NEWS.am-ի հետ զրույցում մայր բուհի ռեկտորը հայտարարեց, որ նախկինում էլ ստուգող մարմիններն իրենց չեն խնայել եւ նոր իշխանության ստուգողների այցից առնչությամբ մտավախություն չունի: 

Պարոն Սիմոնյան, նոր կառավարության ստուգումների ալիքը չի շրջանցի բուհերին: Երեւանի պետական համալսարանում էլ կսկսվեն ստուգումներ, Դուք մտավախություն չունե՞ք, որ Ձեր ղեկավարած բուհում էլ կոռուպցիոն բացահայտումներ կլինեն, ինչպես նաեւ ձերբակալություններ:  

Թող ստուգեն, ես ոչինչ չեմ բացառում, բայց ես կարծում եմ, որ այդպիսի բան չի կարող լինել համալսարանում: Մեր գնումները շատ բաց եւ թափանցիկ են արվել, ինչպես նաեւ մեր ակադեմիական ոլորտի բոլոր աշխատանքները: Ես չեմ բացառում, որ եղել է եւ կա կոռուպցիա համալսարանում, օրինակ,  քննությունների հետ կապված,  բայց այդ բոլորը պետք է ապացուցեն, դրանք դժվար ապացուցելի են: Իսկ ստուգումների հետ կապված, ասեմ, որ նոր են եղել դրանք համալսարանում, ե՛ւ Ֆինանսների նախարարությունը, ե՛ւ հարկային ծառայույունը նոր են ավարտել ստուգումները:

Հիմա այլ իրավիճակ է, իշխանություն է փոխվել...

Դուք մի կարծեք, որ այդ ստուգողները մեր նկատմամբ այնքան բարեհաճ են եղել, եկել են ստուգել, թերություններն ասել, տուգանքները գրել, մենք էլ վճարել ենք, տուգանքներն էլ մեծ չեն եղել: Մեծ հիմնարկ է, անշուշտ, կարող են լինել թերություններ եւ խախտումներ, բայց մեծ հաշվով ես վստահ եմ, որ Երեւանի պետական համալսարանի հատկապես գնումների մասով, որ այդքան շահարկվում է, մենք այնքան խիստ ենք  եղել, այնքան ենք դողացել ամեն մի բանի վրա եւ եթե չենք էլ իմացել, անմիջապես հարցրել ենք ֆինանսների նախարարությանը: Ես համոզված եմ, որ այդտեղ որեւէ բան չի կարող լինել: Իհարկե, թերություններ, բացթողումներ, սխալներ կլինեն, մեծ հիմնարկ է, անպայման կլինեն:

 Պարոն Սիմոնյան, անկախ Ձեր հրաժարականի պահանջից, Դուք հպարտանո՞ւմ եք համալսարանի ուսանողներով,  որոնց շնորհիվ նաեւ մեր երկրում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն: 

Միանշանակ, հպարտ եմ մեր ուսանողներով, դրանից առաջ էլ եմ հպարտ եղել, բայց ինձ վշտացնում է մի բան, դա այն է, որ մեր երիտասարդությունը սկսկել է չհարգել վաստակը, մեծին, տարիքավոր  մարդուն եւ այն մարդկանց, որոնք ամագ ունեն: Սա ազգի եւ պետության համար շատ տխուր հետեւանքներ կարող է ունենալ:  Չեմ ասում,  որ մեծերին պետք է հարգել իրենց վաստակի համար, դրա մասին չէ խոսքը, բայց  մեծին, որն ունի վաստակ, պետք է այդ վաստակը հարգել: 

 Ի՞նչ անհարգալից երեւույթ եք նկատել:

Օրինակ, այդ արհամարհական  վերաբերմունքը մեր մշակույթի որոշ գործիչների, գրողների  նկատմամբ, որոնք վաստակ են ունեցել: Ես  մի երկու ամիս առաջ տեսա այդպիսի անհարգալից վերաբերմունք նախագահի ինաուգուրացիային, այդ ժամանակ Տիգրան Մանսուրյանի եւ մշակույթի գործիչների  նկատմամբ տեսա այդ վերաբերմունքը: Մարզահամերգային համալիրի դահլիճում այն երիտասարդները, որոնք բաժանում էին նստելու տեղերը, մշակույթի գործիչներին, ակադեմիկոսներին եւ ռեկտորներին տարել էին վերջին շարքում,  իսկ իրենք իրենց ընկերներով  նստել էին առաջ:  Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին տեղ էին հատկացրել վերջին շարքերում, դա համարում եմ ոչ բարոյական եւ դա արել են երիտասարդ մանր-մունր չինովնիկները: