Ռուսատանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ  հունվարին  կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կլինի հերթականներից  մեկը։ Հունվարի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց փորձագետ Մանվել Սարգսյանը։

«Այդ հանդիպումից հետո կասվի, որ ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ կես քայլ առաջընթաց է գրանցվել։ Թե ինչ կլինի դրանից հետո, դժվար է ասել։ Սակայն փաստ է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը նպատակ ունի ճնշում գործադրել հակամարտության դիվանագիտական ընթացքի վրա։ Այդ երկիրն ամեն կերպ փորձում է հաստատել իր այն թեզը, որ պատերազմը դեռ չի ավարտվել եւ կարող է վերսկսել յուրաքանչյուր պահի։ Այս թեզն Ադրբեջանը առաջ կտանի նաեւ այս հանդիպման ժամանակ»,- համոզմունք հայտնեց Սարգսյանը։

Նրա խոսքով, Հայաստանը նախ եւ առաջ պետք է հարց տա իրեն՝ ի՞նչ ակնկալիքներ ունի հակամարտության շուրջ բանակցություններից եւ ինչպե՞ս է պատկերացնում համաձայնություն ձեռք բերել մի երկրի հետ, որն ամբողջ ժամանակ ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ երբեք չի համաձայնի Ղարաբաղի որեւէ կարգավիճակի։ «Մենք պարզապես շարունակում ենք հույս ունենալ եւ ինքներս մեզ համոզել, որ բանակցությունները կարող են ցանկալի արդյունք տալ»,- նկատեց փրձագետը։

Հարցին, թե ի՞նչ կարելի է ակնկալել երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայանալիք Սարգսյան-Ալիեւ հնարվոր հանդիպումից, Մանվել Սարգսյանն ասաց, որ առաջընթաց չի կարելի սպասել նաեւ այս ձեւաչափից։ «Ուղղակի կլինի Ռուսաստանի նախագահի ձեւական մասնակցությունը այդ հանդիպմանը, ուրիշ բան դժվար է պատկերացնել»,-ամփոփեց նա։

Ասուլիսին ներկա Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն իր հերթին ավելացրեց, որ ինքը եւս Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ հունվարին կայանալիք հանդիպումից առանձնապես լուրջ սպասելիքներ չունի։

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը նախանշված է հունվարին՝ Մոսկվայում։