Հարավային Սուդանի անկախացումը հերթական նախադեպն էր, որ ավելացրեց ղարաբաղյան հակամարտության հարցում հայկական կողմերի փաստարկներն իրավական եւ, ինչու ոչ, քաղաքական դաշտում։ Հունվարի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
«Բայց հիշենք, որ ղարաբաղյան հակամարտությունն առկա է ոչ թե Հարավային Սուդանում, այլ մեր տարածաշրջանում։ Բացի այդ, բավական լուրջ եւ ողջունելի քայլեր տեղի ունեցան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Կիպրոս կատարած այցի ժամանակ։ Բոլոր առանձնահատկությունները հաշվի առնելով՝ պետք է հիշել, սակայն, որ այդ երկիրը ԵՄ անդամ է»,- հիշեցրեց քաղաքագետը։
Ամփոփելով՝ քաղաքագետը կրկին նշեց, որ «Հարավային Սուդանը կամ Կոսովոն Հայաստանի համար հաճելի արգումենտացիաներ են, բայց ղարաբաղյան հակամարտությունը գտնվում է ոչ այլ տեղ, քան Լեռնային Ղարաբաղում»։
Նշենք, որ Հարավային Սուդանում վերջերս կայացած հանրաքվեի նախնական արդյունքների համաձայն, այդ երկրի բնակչության 97,5 տոկոսը քվեարկել է երկրի հիմնական մասից անկախանալու օգտին: Հանրաքվեի վերջնական արդյունքները կհրապարակվեն մոտ մեկ ամիս հետո: Մեկ շաբաթ տեւած հանրաքվեն ավարտվել է 2011թ. հունվարի 15-ին։





























