ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Գաբրիել Գիֆորդսը, ով հունվարի 8-ին Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում վիրավորվել էր գլխին ստացած կրակոցից, հունվարի 21-ին տեղափոխվել է Հյուսթոն քաղաքի հատուկ կլինիկա։
40-ամյա հիվանդի տեղափոխումը մեքենայով, հետո օդանավով, այնուհետեւ ուղղաթիռով, «անթերի է անցել»։ Այս մասին տեղեկացրել են Հյուսթոնի կլինիկայի բժիշկները, հայտնում է euronews.net-ը։
Նրանց խոսքով, վիրավոր կինը ճանապարհին իրեն լավ է զգացել։ Նրա մարմնի ձախ կողմի շարժական ֆունկցիաները նորմալ են գործում, աջ կողմը կամ պարալիզացված է կամ հոգնած, պարզաբանել է նյարդավիրաբույժ Դոնգ Կիմը։ Առողջացման համար կարող է 4-6 ամիս պահանջվել։
Փամփուշտը մխրճվել է կոնգրեսականի ծոծրակը եւ դուրս եկել քունքի մոտից՝ պարալիզացնելով գլխուղեղի՝ խոսքի համար պատասխանատու հատվածը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արիզոնա նահանգից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսը հրապարակային միջոցառման ժամանակ հրազենային վնասվածք էր ստացել գլխին: Մի երիտասարդ մոտեցել է կոնգրեսականին եւ կրակել նրա գլխին:
Կոնգրեսականը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի կողմնակիցներից է։ Նա 2010 թվականի մարտի 5-ին կողմ էր քվեարկել այդ բանաձեւի նախագծին։ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին Գիֆորդսը կողմ էր քվեարկել նաեւ 2007 թվականին:





























