«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր՝ հունիսի 4-ին, գործարանի տարածքում բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պահանջում են հունվար-մայիս ամիսների իրենց չվճարած աշխատավարձը, որը կազմում է մոտ 40 մլն դրամ: Խոսքը միջինը 70-80 հազար դրամ ստացող շուրջ 116 աշխատակիցների աշխատավարձի մասին է:
Ակցիայի մասնակիցները սպառնացին, որ վաղվանից չեն գնա աշխատանքի, որի հետեւանքով գործարանի անվտանգությունը չի ապահովվի:
Գործարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգորի Մարգարյանը հայտարարեց, որ այսօր հանդիպել է էներգետիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարի հետ, իսկ ավելի ուշ այսօր կհանդիպի նաեւ նախարարի հետ:
Տնօրենի պաշտոնակատարը հիշեցրեց, որ մոտ 20 օր առաջ գործարանի աշխատակիցներից մի քանիսը հանդիպել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ, որից հետո հանձնարարական էր իջեցվել ԱԻՆ-ին եւ էներգետիկայի նախարարություններին՝ համակողմանի ուսումնասիրել հարցը եւ առաջարկներ ներկայացնել կառավարություն:
Գրիգորի Մարգարյանի խոսքով, այդ ժամկետը լրանումէ երկու օրից եւ արդեն պետք է կառավարությանը ներկայացվելիք առաջարկները պարտաստ լինեն. «Դրանից հետո պարզ կդառնա, թե որքանով հարցը կլուծվի, երբ կվճարվեն աշխատավարձերը, գուցե գործարկման հարցն էլ լուծվի»:
Ի վերջո ակցիայի մասնակիցները որոշեցին եւս երկու օր համբերել. «Եթե նախկին կառավարության օրոք աշխատել ենք 5 ամիս առանց աշխատավարձի, ապա նոր կառավարությանը պատրաստ են երկու օր տալ հարցը լուծելու համար»:
Գրիգորի Մարգարյանը նշեց նաեւ, որ իր հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ գործարանի վերագործարկման հարցը. «Կա մի քանի բիզնես պլաններ, որոնցով կարող է վերագործարկվել ու շահույթ ապահովել»:
Բողոքի ակցիան այսօր ավարտվեց, սակայն ցուցարարները որոշել են 2 օր անց նորից հավաքվել:
Հիշեցնենք, որ «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Նաիրիտ 2»-ի գնորդը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն է, իսկ գործարանի տնօրենն էլ նրա եղբոր տղան է:




























