Լրագրող Արկադի Բաբչենկոն, որի սպանության մասին տեղեկությունն ուկրաինական իշխանությունների հատուկ գործողությունների մաս է եղել, հայտարարել է, որ այժմ հարցազրույց տալիս է միայն փողի դիմաց՝ ակնկալելով սկսած 50 հազար դոլարից։

Ուկրաինական ԳՈՐԴՈՆ հասարակական–քաղաքական պարբերականի գլխավոր խմբագիր Ալեսյա Բացմանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «խմբագիր Ելենա Պոսկանայան այսօր զանգահարել է Արկադի Բաբչենկոյին, որ նրան վաղը հրավիրի ինձ մոտ՝ «Բոցման» ծրագրի ուղիղ եթեր։ Իմ ծրագրի հյուրը նա յոթ ամիս առաջ է եղել։ Արկադին Լենային ասել է, որ հիմա բացառիկ հարցազրույցներ նա միայն փողի դիմաց է տալիս եւ այդ գումարը դիտարկում է սկսած 50 հազար դոլարից»,–հայտնել է նա։

Միաժամանակ, ուկրաինացի լրագրողի փոխանցմամբ՝ Բաբչենկոյի խոսքով, «60 հազար դոլարի դիմաց նա հաստատ կհամաձայներ»։ «Երբ Արկադի Բաբչենկոյին «սպանել» էին եւ ես իմացա, որ 6 հոգեզավակ ունի, ես իմ մտերիմ ընկերներին գրեցի խնդրանքով կապ հաստատել նրա կնոջ հետ, որ նա իր քարտի համարը տա եւ մենք օպերատիվ կերպով համաուկրաինական դրամահավաքություն իրականացնեինք, որ օգնեինք ընտանիքին։ Հիմա, կարծես թե, պետք է 50 հազար դոլարի դրամահավաքության ակցիա կազմակերպենք Արկադիից հարցազրույց վերցնելու համար»,–գրել է Ալեսյան։

Ինքը՝ Բաբչենկոն իր ֆեյսբուքյան էջում խոստովանել է, որ հարցազրույցի համար գումար է խնդրել. «Գործընկերներ, ես ամեն ինչ հասկանում եմ։ Բայց հավատացեք՝ ես հիմա այնքան խնդիրներ ունեմ, ես պետք է հերթական անգամ կյանքս զրոյից սկսեմ, ես չեմ կարող մտածել նաեւ այն մասին, թե ինչպես ձեզ համար վարկանիշ եւ կոնտենտ ստեղծեմ։ Այդ իսկ պատճառով եկեք այսպես՝ 50 հատ բաքս եւ բացառիկ հարցազրույցը ձերն է»,–գրել է նա։