Երիտասարդական հիմնադրամը մեծ գումարներ է տնօրինել, կրթաթոշակներ հատկացրել, եւ այն, ըստ էության, վերածվել էր երիտասարդներին դեպի Հայաստանի Հանրապետական կուսակցություն ուղղորդելու խողովակի: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

Նա կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչպես է պատկերացնում այդ հիմնադրամի գործունեության շարունակությունը:

Արայիկ Հարությունյանը նախ անդրադարձավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տնօրենի դեմ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ցուցմունքին, որ տնօրենն ինքն իր հետ 326 մլն դրամի գործարք է կնքել:

«Շատ տարօրինակ հայտարարություն էր, որ որեւէ հիմնադրամի տնօրեն կարող է մեկ օրում 326 մլն դրամի գործարք հենց այնպես ստորագրել, որպես փոխառություն վերցնել, եւ հիմնադրամում հանկարծ 2 ամիս հետո հայտնաբերեն, որ նման մեծ գումար է անհետացել: Սա իրավապահները հիմա քննում են, բայց ես, որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, առաջիկայում պատրաստվում ենք նախաձեռնել խորհրդի նիստ եւ իրականացնել հիմնադրամի աուդիտ»,-հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

Նա նկատեց, որ Երիտասարդական հիմնադրամը շուրջ երկու տասնամյակ եղել է ՀՀԿ երիտասարդներին ներգրավելու կարեւոր օղակներից մեկը. «Չգիտեմ ինչ պայմանավորվածության արդյունքում համալսարանները հարյուրավոր միլիոն դրամներ փոխանցում են հիմնադրամին: Միայն ԵՊՀ-ն այս տարի պետք է 130 մլն դրամ փոխանցեր այդ հիմնադրամին: Ժամանակին ասում են, որ Ռոբերտ Քոչարյանն ասել է ձեր բյուջեի 2 տոկոսը տվեք եւ կազատվեք ավելացված արժեքի հարկից: Բայց հիմա բուհերը ԱԱՀ չեն վճարում, բայց շարունակում էին իներցիայով այդ գումարները վճարել: Այն պահից, երբ ես կոչ արեց, որ դադարեցնեն վճարումները, հիմա հարյուրավոր միլիոնավոր դրամներ մնում են բուհերին: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ տասնյակ տարիներ բուհերը կարող էին արդյունավետ իրենց համար տնօրինել այդ գումարները»,- ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ դա արվում էր նրա համար, որ ուսանողը գնար հիմնադրամից ստանար կրթաթոշակը, հետագայում ինչ-ինչ քաղաքական նպատակներով դա օգտագործելու համար»:

Հարությունյանն ասաց, որ կան որոշակի սոցիալական խմբեր, որոնց հիմնադրամը գումարներ վճարում էր, ինչն իր կարծիքով պետք է շարունակի. «Երիտասարդական հիմնադրամի հետ կապված կան որոշակի գաղափարներ: Նաեւ «Լույս» հիմնադրամն է դադարեցրել գործունեությունը, հիմա մենք տարբեր անհատների հետ քննարկման մեջ ենք, որ համարժեք հիմնադրամ ստեղծենք, որ արտասահմանում սովորող երեխաները խնդիրներ չունենան»:

Արայիկ Հարությունյանը նկատեց, որ Երիտասարդական հիմնադրամին պետբյուջեից էլ մեծ գումարներ են գնում. «Եթե այդ 326 մլն դրամ գումար էլ վերականգնվի, Երիտասարդական հիմնադրամն արդեն իր գործառույթը կկատարի՝ արդարացիորեն վճարելով կրթաթոշակներ»: