Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանն ու Հրաչյա Հակոբյանը երաշխավորություն են ստորագրել Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նույն գործով անցնող Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոնորդությունը փոխելու հարցով միջնորդություն են ներկայացրել «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման նախապատրաստման մեղադրանքով: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի հրապարակած դատավճռով Գեւորգ Սաֆարյանն էլ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, դրան գումարվել է առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկումը: Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման: