Facebook Inc  ընկերությունը հաստատել է օգտատերերի տվյալների վերաբերյալ էլեկտրոնիկա արտադրող չինական առնվազն  4  ընկերությունների, այդ թվում Huawei Technologies Co.-ի հետ գործընկերության մասին պայմանագրերի առկայությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Մյուս ընկերություններն են Lenovo-ն, OPPO-ն եւ TCL of China-ն:

«ԱՄՆ-ի բազմաթիվ այլ տեխնոլոգիական ընկերությունների հետ միասին, Facebook-ը աշխատել է նրանց եւ չինական այլ արտադրողների հետ, այդ հեռախոսներում ծառայությունները ինտեգրելու համար», - ասել  է Facebook- ի բջջային սարքերի արտադրողների հետ գործընկերային հարաբերությունների հարցերով փոխնախագահ Ֆրանսիսկո Վարելա:

Նա ընդգծել է, որ ամենասկզբից Facebook-ում ինտեգրման ընթացքը վերահսկվել է եւ սոցցանցը հաստատել է բոլոր տարրերը:

«Կոնգրեսի հետաքրքրվածությունը հաշվի առնելով, ուզում ենք հստակեցնել, որ Huawei-ի հետ նման ինտեգրացման արդյունքում ողջ տեղեկատվությունը պահպանվել է սարքում, այլ ոչ թե Huawei-ի սերվերներում», - գրել է նա:

Ավելի վաղ The New York Times-ը հաղորդել էր, որ 2007 թվականից  Facebook-ը օգտատերերի եւ նրանց ընկերների անհատական տվյալներին հասանելիություն ունենալու մասին  համաձայնագրեր  է կնքել առնվազն 60 ընկերությունների հետ, որոնք արտադրում են սմարթֆոններ եւ այլ բջջային սարքեր: Facebook-ը չի հերքել նման հարաբերությունների գոյությունը, սակայն պնդել է, որ բոլոր նման համաձայնագրերը համապատասխանում են ընկերության կանոններին եւ իշխանությունների պահանջներին: