Գլխավոր դատախազությունն անդրադարձել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հայտարարությանը

NEWS.am-ի հարցին, թե Դավիթ Համբարձումյանը հայտարարել է, որ ինքը լիազորված չէ կատարելու դատախազի որոշումը, որով իր գործունեությունը ժամանակավորապես դադարեցվում է, դատախազության հանրային կապերի բաժնից պատասխանեցին. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով հստակ սահմանվում է, որ դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ` քննիչն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ:

Ընդ որում՝ նույն հոդվածը հստակ սահմանում է, որ որոշումը պետք է կատարվի եռօրյա ժամկետում, ինչի մասին պետք է տեղյակ պահվի որոշումը կայացրած մարմնին կամ անձին:

Տվյալ դեպքում համապատասխան քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն իրացրել է իր այս իրավասությունը, ժամանակավորապես դադարեցրել է ինչպես Մասիսի քաղաքապետի, այնպես էլ քաղաքապետի տեղակալի պաշտոնավարումը:

Եթե տվյալ անձը կամ անձինք համաձայն չեն կայացված որոշման հետ, բոլոր հնարավորություններն ունեն այն բողոքարկելու դատական կարգով:

Հարկ ենք համարում նշել, որ դատախազի որոշման վերաբերյալ իրազեկվել է նաև ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը, որը հանդիսանում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հետ կապված վերահսկող մարմինը, որպեսզի անհրաժեշտության դեպքում գործադրվեն համապատասխան մեխանիզմներ՝ պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ կայացված որոշման իրացումն ապահովելու համար»: