Մեզ համար առաջնահերթ է վերացնել այն խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս երկրին զարգանալ: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ոտք ենք դրել անհավանականն իրականություն դարձնելու ճանապարհին եւ վստահ քայլելու ենք մինչեւ վերջ»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հայրենադարձության խնդրի լուծման համար չպետք է լինի հայեցակարգ, Փաշինյանը պատասխանեց. «Հայեցակարգերը հիմա էլ գրված են, բայց հայրենադարձությանն այսօր ի՞նչն է խանգարել: Խանգարել է կոռուպցիան, անարդարության զգացումը, ապօրինությունը: Այն, ինչ գրել ենք մեր ծրագրում, հենց հայրենադարձությանը խխոչընդոտող երեւույթներ են:

Մեզ ասում են՝ ինչի՞ չեք գրել, որ տնտեսական աճը լինի այսքան տոկոս: Շատ պարզ պատճառով՝ գրենք տնտեսական աճը լինի էսքան տոկոս, գնանք հանքերը քանդենք, եռակի վաճառենք, որ ասենք՝ վայ, տնտեսական աճը արեցինք: Մեզ համար կարեւոր է վերացնել այն խոչընդոտները, որը թույլ չի տալիս մեր երկրին զարգանալ: Մենք անդրադարձել ենք խաչմերուկային նշանակություն ունեցող խնդիրներին»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ կառավարության ծրագրի ԱԺ կողմից ընդունելուց հետո կառավարությունը կընդունի միջոցառումների ցանկ, որը բխում է ծրագրից. «Այն հայեցակարգերը, որոնք նախկինում ընդունվել են եւ մենք չենք չեղարկել, դրանց ուղղությամբ կաշխատենք»: