Դուք ասացիք, որ ձեր որդին դիմել է եւ գնալու է ծառայելու Ղարաբաղում, բայց ձեր կառավարության շատ ներկայացուցիչներ բանակում չեն ծառայել: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ ինքն էլ ժամկետային զինծառայություն չի անցել. «1991 թվականի օրենքով ինձ պետությունն ուղղակի բանակ չի տարել եւ ասել է՝ գնա զբաղվի ուրիշ գործով: Նաեւ ասել է՝ եթե երկու ավագ եղբայրները ծառայել են բանակում, երրորդին չենք տանում: Կա երկու ռեժիմ. Մեկը, որ մարդը գնացել խնդիր է լուծել, որ բանակ չգնա, մյուսը, որ պետությունն ասել է՝ հարգելի քաղաքացի, այս իրավիճակում մենք ուզում ենք, որ դու ոչ թե գնաս բանակ, այլ զբաղվես ուրիշ գործով: Այսինքն սրանք տարբեր իրավիճակներ են:

Եթե պարզվի, որ կառավարության որեւէ անդամ օրենքի խախտմամբ խուսափել է բանակից կամ օրենքով նախատեսված որեւէ պարտավորությունից, ես ասում եմ, որ այդ անդամը տեղում կազատվի աշխատանքից»: