Կոռուպցիայի եւ ստվերի դեմ պայքարում կարող են լինել դրսեւորումներ, որ որոշ մարդիկ սկսեն հրապարակային հիմնավորել, որ կոռուպցիան ավելի լավ է, քան դրա բացակայությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մարդիկ կարող են ասել, որ ստվերը ավելի լավ է, քան օրինականությունը, որովհետեւ ստվերի դեմ պայքարի արդյունքում ինչ-որ ապրանքներ կարող են ինչ-որ ժամանակով թանկանալ, կամ փորձ արվի նման հետեւանքների բերել եւ մարդկանց եզրակացությունը լինի այն, որ ստվերն ու կոռուպցիան ավելի լավ է, քան դրա դեմ պայքարը: Բոլորը պետք է հասկանան, որ մենք գնալու ենք ստվերի կրճատման, գնալու ենք պետական եկամուտների ավելացման: Դա պետք է տեղի ունենա հրապարակային: Երբ տեսնենք, որ պետեկամուտներն ավելացել են այնքան, որ թոշակ բարձրացնենք, դա կանենք: Նաեւ այլ ոլորտներում կմեծացնենք պետական ծախսերը»,-հայտարարեց վարչապետը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը նշեց, որ, հասկանում է, որ կառավարության ձեռքին կախարդական փայտիկ չկա, բայց ուզում է ասել, որ թոշակառուների վիճակն իսկապես վատ է եւ նրանք ակնկալում են փոփոխություններ:
Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Ես ուզում եմ հավաստիացնել, որ կախարդական փայտիկ կա, որն արդեն գործում է եւ արդեն կոնկրետ արդյունքներ է արձանագրել: Այդ փայտիկը կիրականացնի ոչ միայն այն, ինչ հնարավոր է, այլեւ այն, ինչն անհնար է: Հայաստանում կառավարության գործատուն ու շեֆը ժողովուրդն է եւ մենք ծառայում ենք մեր շեֆին»:




























