Կառավարության գործունեության համար կրում է այն քաղաքական թիմը, որը իրականացրել է ոչ բռնի, թավշյա հեղափոխություն: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կառավարության կազմում ընդգրկված բոլոր 3 ուժերը հավասարաչափ կրում են պատասխանատվություն կառավարության գործունեության համար:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նկատեց, որ կառավարության ծրագրին ադեկվատ գնահատական տալու համար պետք է լինեն չափելի գործիքներ, իսկ այս ծրագիրը դա չունի. «Ծրագրի քաղաքական պատասխանատուն կառավարությունն է, իսկ կառավարության մաս կազմող քաղաքական ուժերը պատասխանատու չե՞ն: Ինչու նրանց ծրագրային դրույթներից ոչինչ այստեղ արտացոլված չէ: Նրանք չե՞ն մասնակցում ծրագրին, չե՞ն ստանձնում դրա պատասխանատվությունը, թե՞ կա այլ հանգամանք, որի մեկնաբանության կարիքը մենք ունենք: «Ծառուկյան» դաշինքի 15 կետանոց ծրագիրը հանրության աջակցությունն է ստացել, բայց դա ներառված չէ ծրագրում»,-ասաց Խոսրով Հարությունյանը:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ «Ծառուկյան» դաշինքի ծրագիրը եւ ՀՅԴ-ի ծրագիրը կառավարության տեսադաշտում են. «Մենք փորձել ենք դրան ավելացնել այն բաղադրիչը, որը ներկա է կառավարությունում, խոսքը հրապարակի բաղադրիչի մասին է: Մենք ավելացրել ենք եւս մեկ ասելիք, դա հեղափոխական հրապարակի ասելիքն ու օրակարգն է: Իհարկե, կառավարությունը քննարկելու է եւ «Ծառուկյան» դաշինքի եւ ՀՅԴ-ի ծրագրերը, ինչու ոչ, նաեւ նախորդ կառավարության ծրագրերից որոշ դրույթներ կիրառելու ենք: Մենք չենք ասել, որ որը ՀՀԿ-ի ծրագիրն է, ջնջում ենք»:
Ինչ վերաբերում է ծրագրում ժամկետներ ու թվեր չնշելուն, Փաշինյանը նկատեց, որ պետք է մեկ տարվա ընթացքում տեղի ունենան ընտրություններ. «Մենք պատրաստակամությունն ենք հայտնել ձեւավորել համաձայնության կառավարություն, որից օգտվելու հնարավորություն ունեցել են բոլորը: Այս ծրագրի իրականացման պատասխանատուն այն ուժն է, որը իրականացրել է թավշյա հեղափոխությունը: Ես հույս ունեմ, որ բոլոր ուժերը կաջակցեն այդ հարցում»:





























