Ազգային ժողովում ներկայացված 4 ուժերը պետք է գան համաձայնության, ձեւավորեն ֆորմատ, ենթադրենք յուրաքանչյուր ուժից 3-ական հոգի եւ սկսեն ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահյրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով, դրանից հետո պետք է որոշվի որ նույն ֆորմատով կառավարության խումբը եւս պետք է միանա՝ հետագա քննարկումների համար հասարակական կազմակերպությունների, արտախորհրդարանական ուժերի, դիվանագիտական կառույցների հետ, որից հետո Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ ճանապարհային քարտեզ պետք է մշակվի բանակցությունների համար: Դրանից հետո Ընտրական օրենսգիրքը պետք է մտնի ԱԺ քննարկման: 

«Սա է մեր առաջարկությունը, սա է ժողովրդավարությանը հարիր երկրի համար քննարկումների ճանապարհը: Մենք պետք է ունենանք Ընտրական օրենսգիրք, որը կբավարարի ժողովրդավարական երկրին»,-ասաց նա:

Անդրադառնալով կառավարության ծրագրին, Բաղդասարյանը նշեց. «Մենք դեմ ենք կառավարության ծրագրին ներկայացված տեսքով, սակայն նոր ձեւավորված կառավարությանը չխոչընդոտելու համար քաղաքական որոշման արդյունքում ՀՀԿ խմբակցությունը կապահովի անհրաժեշտ կողմ ձայների քանակը: Ինչպես ընդունված է ասել, կթողնենք աշխատել: Բայց հորդորում ենք ձեզ՝ հանկարծ աշխատանքային նույն ոճով չմոտենաք, ինչպես կառավարության ծրագրին եք մոտեցել: Սա երկիր է, եւ դուք եք կրում պատասխանատվությունը»:

Նշենք, որ «Ծառուկյան», «Ելք» եւ ՀՅԴ խմբակցությունները հայտարարել են, որ կողմ են քվեարկելու կառավարության ծրագրին: