Թուրքիան հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության օգտին: Այս մասին հայտարարել է Թուքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անկարայում ղրիմյան թուրքերի Մշակույթի եւ փոխօգնության ասոցիացիայի կազմակերպած իֆթարի (թաթախման ընթրիք) ժամանակ: Միջոցառմանը մասնակցել են նաեւ Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը եւ ղրիմա-թաթարական ժողովրդի առաջնորդ, Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Մուսթաֆա Աբդուլջեմիլ Քըրըմօղլուն, փոխանցում է Anadolu-ն:
«Մենք Ղրիմը երբեք չենք մոռացել եւ չենք մոռանա: Երբեք չենք ճանաչել եւ չենք ճանաչի Ղրիմի անեքսիան»,- շեշտել է Չավուշօղլուն:
Նա հիշեցրել է, որ Թուրքիան ղրիմա-թաթարական ժողովրդին բազմակողմանի աջակցություն է ցույց տվել նաեւ մինչեւ թերակղզու ապօրինի անեքսիան:
Թուրքիայի ԱԳ նախարարը հավաստիացրել է, որ Անկարան այսուհետեւ եւս ղրիմյան հարցը կբարձրացնի Եվրոպայի Խորհրդում, ԵԱՀԿ-ում եւ միջազգային այլ հարթակներում:
Նրա խոսքով՝ Անկարան նաեւ կշարունակի ջանքեր ներդնել Արեւելյան Ուկրաինայում հակամարտության կարգավորման եւ Ուկրաինայում կայունության ապահովման համար:
«Թուրքիան կշարունակի Ուկրաինային աջակցել»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:





























