Բաղրամյան 26 ճամպրուկներով փող տանելու մասին պետք է հարցնել նրանց, ովքեր տեղյակ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Մկրտիչ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի, գործարարների հետ հանդիպման ժամանակ վերջիններս իրեն խոստովանել են, որ ճամպրուկներով փող են տարել Բաղրամյան 26:
«Ես երբեւիցե չեմ եղել գործարար եւ երբեւիցե էդպիսի տեղեկություններ չունեմ, եւ պետք է, ըստ երեւույթին, հարցնեք նրան, ով գիտի դրա մասին: Չեմ կարող ասել՝ ինչքանով է ճշմարիտ, ինչքանով՝ ոչ»,-ասաց նախկին պատգամավորը:
Դիտարկմանը, որ տասը տարի ՀՀԿ-ն է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իշխանության եղել եւ, ըստ հայտարարության, հենց այդ ժամանակ են տարել, այդ ընթացքում լսե՞լ է ճամպրուկներով փող տանելու մասին, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Ես չեմ լսել դրա մասին»:
Նա դժվարացավ ասել՝ արտահերթ ընտրություններում կհաջողվի՞ ՀՀԿ-ին հաղթահարել նվազագույն 5 տոկոսանոց շեմը, թե ոչ:





























