«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համաժողովրդական իշխանափոխությունից հետո բացարձակ այլ կարգավիճակում է, ուստի բացառված չէ նաեւ, որ «Ելք» դաշինքում ներառված կուսակցությունները կարող են առանձին գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։  Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

Նա հայտնեց, որ կուսակցությունններում այդ հարցով արդեն կան քննարկումներ։ Խոսելով «Հանրապետություն» կուսակցության մասին, Արամ Սարգսյանը նկատեց․ «Մենք երբեք որեւէ դաշինքում աղքատ բարեկամի կարգավիճակում չենք եղել։ Բայց դա չի նշանակում, որ այն գործընկերությունը, որ ունեցել ենք «Ելք» դաշինքի շրջանակներում, դա մեզ չի բավարարել։ Ընդհակառակը, համարում եմ, որ այն, ինչ ունենք այսօր, «Ելք»-ի դերի շնորհիվ է: Այս գործընթացը կշարունակի, թե առանձին-առանձին կգնանք, չի նշանակի, որ կողմերը հակադիր կդառնան միմյանց»,-ասաց Արամ Սարգսյանը:

Դիտարկմանը, թե Գեւորգ Գորգիսյանը կարծում է, թե եթե «Ելք»-ի մեջ ընդգրկված ուժերը արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցեն, ոչ ոք չի հաղթի, Արամ Սարգսյանը հրաժարվեց այդ կարգի կանխագուշակումներ անելուց․ «Նայած հաղթել ասելով պարոն Գորգիսյանն ինչ նկատի ունի։ Մարդ կա, հաղթանակը համարում է 99,9 տոկոս ձայն ստանալը, մարդ կա, հաղթանակ է համարում 45 տոկոսը: Ես համարել եմ, որ եթե հայ հանրության 45 եւ ավելի տոկոսն իմ մոտեցումներին դեմ չէ, ուրեմն ես լղոզված տեսակետներ եմ ասում, աշխատում եմ բոլորի համար ընկալելի լինել, իսկ դա սխալ է: Բոլորի համար ընկալելի ու ընդունելի պետք է լինի օրինակ՝ Սերժ Թանկյանը, որովհետեւ նա վարպետ է, կինոդերասանները, երգիչները, իսկ քաղաքական գործիչները պետք է ունենան համախոհների բանակ ու հակադիրների բանակ, որ բանավիճեն»:

Նա ընդգծեց, որ մեր երկրում ընդունված է եղել, որ հաղթում է միասնությունը. «Բայց ես միշտ համարել եմ, որ միասնականությունը ժողովրդի մեջ է: Բոլորն ասում էին, որ մինչեւ ընդդիմությունը չմիավորվի, իշխանափոխություն չի լինի, բայց Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ միայն ինքն ու իր քաղաքական թիմը իշխանափոխություն կարող են անել»։

Հարցին, թե իր կարծիքով Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին միայնա՞կ կգնա, թե՞ դաշինքով, Սարգսյանն նկատեց․ «Այդ հարցը պետք է տրվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Այսօրվա պարագայում մեր համագործակցությունն արդյունավետ է, ես համարում եմ, որ «Ելք կա»-ն լավ բանաձեւ է, ավելի տարողունակ է, քան ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան մերժելը»,-շեշտեց նա:

Արամ Սարգսյանը նաեւ կարծիք հայտնեց, որ գաղափարական նույն արժեքները դավանող կամ գաղափարական առումով քիչ տարբերություններ ունեցող կուսակցությունները, անկախ նրանից մերժել են Սերժին թե ոչ, պետք է հանդես գան մեկ կուսակցությամբ կամ դաշինքով, իսկ գաղափարական փոքր տարբերություննները կոմպրոմիսի միջոցով կարելի է լուծել։