ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Հովհաննես Սահակյանն իր հրաժարականը անձնական որոշում է համարում:
«Որեւէ մեկը չի ասել դիմում գրի, ոչ մեկից նեղված կամ նեղացած չեմ»,- Կոմիտասի անվան պանթեոնում Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննես Մանուկյանը:
Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին, նա նշեց, որ կդժվարանա որեւէ կանխատեսում անել. «Ընտրություններից երկու ամիս առաջ կզբաղվենք այս հարցով, դեռ դրա ժամանակ չէ: Հիմա շանսերից եւ դիրքերից խոսելը շատ սխալ է, մենք չգիտենք ովքեր են մասնակցելու, ինչ ձեւաչափով, ընդհանրապես, քաղաքական դաշտում կա մեկ թեզ՝ մինչեւ մեկ տարի պետք է լինեն արտահերթ ընտրություններ»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ն լքածներին, Հովհաննես Սահակյանն ասաց. «Հիմա այնպիսի իրավիճակ է, որ որեւէ մեկին չես կարող մեղադրել: Յուրաքանչյուր մարդ իր մոտեցումները, պատկերացնումները, հեռանկարներն ունի»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 5-ին Հովհաննես Սահակյանը հրաժարական էր տվել պաշտոնից:





























