Մոսկվան ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ ԿԻմ Չեն Ընի բանակցությունների անցկացումը, նշված է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի մեկնաբանության մեջ՝ կապված Սինգապուրում բարձր մակարդակով ամերիկա-հյուսիսկորեական հանդիպման անցկացման հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:  

«Ողջունում ենք Հյուսիսային Կորեայի Պետական խորհրդի նախագահ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի բանակցությունների անցկացումը… Ելնում ենք այն բանից, որ ամերիկա-հյուսիսկորեական հարաբերությունների կարգավորումը, որի ձգտումն արտացոլված է կողմերի ամփոփիչ համատեղ հայտարարության մեջ, Կորեական թերակղզու խնդիրների, ներառյալ միջուկային, համալիր կարգավորման անբաժանելի մասն է»,- նշված է մեկնաբանության մեջ: