Չեմ կարծում, որ տեղի է ունեցել ինչ-որ անհաղթահարելի բան. աշխատանքային քննարկման մակարդակում ձեւ էր, որն աստիճանաբար կշտկվի: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով կառավարության նիստի ընթացքում պարտադիր կուտակային բաղադրիչի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու իր միջեւ տեղի ունեցած բանավեճը։
Նիկոլ Փաշինյանի՝ իր հետ շփվելու ոճը գնահատելու մասին հարցին Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ դա աշխատանքային քննարկման մակարդակում ձեւ էր, որն աստիճանաբար կշտկվի: Կային սուր գործողություններ թե՛ իմ, թե՛ վարչապետի կողմից»։
Մինասյանի խոսքով՝ այն, ինչ կառավարությունն օրակարգում ձեւակերպում է, բավարարում է իրեն՝ «որպես Դաշնակցության ներկայացուցչի եւ կառավարության անդամի, որը հասկանում է համակարգի խնդիրները»: Նախարարի համոզմամբ՝ ավելի կարեւոր է արդյունքի հասնելը:
«Այս առումով ես կենտրոնացած եմ այն հարցի շուրջ, թե մենք ինչ պիտի անենք, եւ ոչ թե ձեւի վրա։ Ինձ համար շատ կարեւոր է, որ մենք արդյունք ունենանք, ձեւերով հերիք է շարժվենք»,- հավելեց Արծվիկ Մինասյանը:
«Դուք Կառավարության նիստին եք». վիճաբանություն Նիկոլ Փաշինյանի եւ Արծվիկ Մինասյանի միջեւ





























