Գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանի սեփականությունում կատարված բացահայտումը երկրում տիրող ամենաթողության մթնոլորտի հետեւանք է։ Այդ մասին այսօր՝ հունիսի 18–ին, լրագրողների հետ զրույցում ասաց պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

«Անկեղծ, դեռեւս ուշքի չեմ եկել, եւ չգիտեմ այս հոգեբանական վնասվածքից ոնց եմ դուրս գալու։ Հանրության մեծ մասը ծանր ապրումներ ունի։ Գիտեք, գողությունը, զենքը այլ հարց է, բայց երբ հոգեւոր սնունդն են գողանում, դա այլ հարց է։ Ես վստահ եմ, որ հանրությունը սպասում է, թե այս վիճակից ինչպես ենք դուրս գալու։ Սա ամենաթողության, այսպես ասած «բեսպրեդելի» արդյունք է եւ մենք  հիմա քայլեր ենք իրականացնում, որ դա մնա պատմության գրկում, բայց այդ էջերը փակելուց մենք պետք է վստահ լինենք, որ որեւէ նման էջ չի բացվի, այսինքն բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն»,– ասաց Սանասարյանը։

Նրա խոսքով՝ պատերազմական վիճակում գտնվող պետության համար նման հանցագործությունները ուղղակիորեն դավաճանությանը հավասար են. «Պետությունից գողանալը քրեորեն պատժելի արարք է, բայց ՊՆ–ից գողանալը... Վստահ եմ, որ մենք դեռ շատ բաներ ենք իմանալու ՊՆ–ի հետ կապված: Այսպիսի մթնոլորտի քավորը Սերժ Սարգսյանն է եղել, եւ, եթե Մանվել Գրիգորյանն իրեն թույլ է տվել այս կամ այն արարքները, երբ մյուսներն այս կամ այն քայլերն ու գործողություններն են թույլ տվել՝ դրա միակ պատասխանատուն նախկին իշխանության առաջին դեմքն է եղել»։

Սանասարյանը  նաեւ կարծիք հայտնեց, որ Մանվել Գրիգորյանի յուրացումը ԱԱԾ–ի համար էլ անակնկալ է եղել. «Ւմ կարծիքով գնացել են ուրիշ բանի համար, հայտնաբերել հավելյալ ուրիշ բաներ։ Վստահ չեմ, դա իմ կարծիքն է։ Կարծում եմ, որ ԱԱԾ–ի աշխատակիցների համար էլ դա մեծ հոգեբանական վնասվածք է եղել»։

Մեկնաբանելով շրջանառվող լուրերը, որ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ լքում են երկիրը, Սանասարյանն ասաց. « Որքան էլ արտագաղթեն ընտանիքով որեւէ անհասանելի կղզիներ չկան։  Ամեն պաշտոնյա իր մեղքի բաժնով պատասխանատվության կենթարկի, ես ձեզ վստահեցնում եմ։  Բոլոր ոլորտներում ամենաթողություն է եղել, եւ խոստանում եմ բոլոր ոլորտներում բացայատումներ իրականացնել։ Չի լինելու անկյուն, որ խոշորացույցով չուսումնասիրենք։ Արդեն շատ տեղերից ինֆորմացիա կա, որ պաշտոնյաներն իրենք իրենց բախտն են անիծում՝ վախենալով ստուգումներից եւ ուսումնասիրություններից»։