Համընդհանուր ներառականության անցումը միտված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հասարակությանն առավելագույնս ինտեգրելուն, որպեսզի վերջիններս չշարունակեն մեկուսացված մնալ: Այս մասին ԿԳՆ նախարար Արայիկ Հարությունյանն ասել է այսօր՝ հունիսի 19-ին Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոցի մի խումբ ծնողների, ուսուցիչների եւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ հանդիպման ժամանակ: Նրանք նախարարություն էին եկել Արայիկ Հարությունյանի հրավերով:

Այս դպրոցը, կառավարության որոշմամբ, նախատեսվում է վերակազմավորել մանկավարժահոգեբանական աջակցության տարածքային կենտրոնի: Հանդիպման մասնակիցները մտահոգություններ են հնչեցրել՝ հանրակրթական դպրոցներում երեխաների հետագա կրթությունը կազմակերպելու վերաբերյալ:

«Մենք ձեր կողքին ենք լինելու, եւ վստահեցնում եմ, որ գործընթացի արդյունքում որեւէ երեխայի վիճակ չի կարող վատանալ: Մենք մեկ առ մեկ լուծելու ենք բոլոր խնդիրները՝ այդ հարցում համագործակցելով նաեւ ծնողների հետ, որպեսզի նվազեցնենք բոլոր հնարավոր ռիսկերը»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ որոշակի մտահոգություններ են առաջացել նաեւ այն պատճառով, որ ժամանակին ծնողների հետ բավարար բացատրական աշխատանք չի տարվել:

Նշվել է, որ մանկավարժահոգեբանական կենտրոնում յուրաքանչյուր երեխայի համար կկազմվի անհատական ուսումնական եւ ծառայությունների մատուցման պլան, եւ կենտրոնի անձնակազմը հավուր պատշաճի կիրականացնի իր գործառույթները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ կրկին հանդիպելու եւ խնդիրն առավել հանգամանալից քննարկելու համար: