Թուրք ռեփերը, ում 10 տարվա ազատազրկում էր սպառնում թմրամիջոցների օգտագործման խրախուսման մեղադրանքով, արդարացվել առաջին դատական նիստի ժամանկ, հաղորդում է CNN Turk-ը:

27-ամյա Սերկան Իպեկչիօղլուն, ով հայտնի է Էժել անունով, ձերբակալվել էր մայիս ամսին, այն բանից հետո, երբ դատարանը մեղադրական որոշում էր կայացրել՝ սոցիալական ցանցերում նրա տեքստերի եւ գրառումների համար: Ինքը՝ Էժելը, հերքել է բոլոր մեղադրանքները:

Նրա տեսագրությունները միլիոնավոր դիտումներ են հավաքել սոցիալական ցանցերում: Որոշ երգերում նա խոսել է մարիխուանա ծխելու մասին: Թուրքիայում թմրամիջոցների օգտագործման խրախուսումը պատժվում է օրենքով, ճիշտ այնպես, ինչպես՝ թմրանյութերի օգտագործումը եւ վաճառքը:

Հազարավոր երկրպագուներ բողոքի ցույց էին կազմակերպել դատարանի շենքի դիմաց: #FreeEzhel հեշթեգն ամենատարածվածն է դարձել Twitter-ի թուրքական հատվածում: