ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով ձեռնարկված քննչական եւ դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են կաշառք տալու պատրվակով խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 3 անձ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երեւան քաղաքի երկու բնակիչ՝ ծնված 1982 եւ 1979թթ., տեղեկանալով իրենց վաղեմի ծանոթ 34-ամյա տղամարդու եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին, վստահեցրել են, թե ունեն ազդեցիկ կապեր իրավապահ մարմիններում, որոնց միջոցով, իբր, կարող են ազդել գործի ելքի վրա։ Երեւանի բնակիչները, պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով, խաբեությամբ 34-ամյա տղամարդուց մաս-մաս՝ 2500 եւ 500 ԱՄՆ դոլար գումար են վերցրել ու հափշտակել այն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 3 անձի. 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Երեւանի երկու բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: