Մենք պետք է կանխենք ՍԾՏՀԿ-ի հարթակը չարաշահելու և քաղաքականացնելու վտանգավոր միտումները: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 38-րդ հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա, մասնավորապես, իր ելույթում նշել է.

«Որոշ անդամ պետությունների կողմից ՍԾՏՀԿ-ի հարթակը չարաշահելու եւ քաղաքականացնելու շարունակական փորձերը բացասաբար են ազդում ոչ միայն տարածաշրջանում բազմակողմ տնտեսական համագործակցության, այլեւ Կազմակերպության առանցքային հիմքերի վրա։ Նման փորձերը խարխլում են ՍԾՏՀԿ` որպես տարածաշրջանային տնտեսական արդյունավետ կազմակերպության նկատմամբ վստահությունը։

Մենք պետք է վճռականորեն կանխենք այդպիսի վտանգավոր միտումները, այդ թվում՝ ՍԾՏՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, որը պետք է աջակցի կազմակերպության առանցքային նպատակների իրականացմանը՝ ՍԾՏՀԿ-ի մնացած կառույցներից անկախ զուգահեռ գործունեությամբ զբաղվելու փոխարեն։ Բացի այդ, բաց սահմանները, ապաքաղաքականացված, անկաշկանդ, ազատ եւ ընդգրկուն տարածաշրջանային համագործակցությունը, որպես այս կազմակերպության առանցքային նպատակներ, նույնպես կարեւոր պայմաններ են տարածաշրջանում կայունության եւ խաղաղության խթանման համար»: