Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 29-ի երեկոյան ընդունել է հայկական բանակի հիմնադրման գործում մեծ ավանդ ունեցող գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին։

«Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը մեր նոր պատմության կերտողներից է ու հաճելի է նման մարդկանց հետ երկար խոսել մեր անվտանգության հարցերի մասին»,-Facebook-ի իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը եւ լուսանկար հրապարակել հանդիպումից:

Հիշեցնենք, որ դրանից օրեր առաջ գեներալը խիստ քննադատել էր Հայաստանի իշխանություններին։ Մասնավորապես, NEWS.am-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով Հայաստանի հետ սահմանի նախիջեւանյան հատվածում ադրբեջանական զորքերի ակտիվացման հետ կապված իրավիճակը, Նորատ Տեր-Գրիգորյանցը նշել էր. «Պետք է դիմել Պաշտպանության նախարարություն, ԱԳՆ, նախագահին ու վարչապետին՝ բացատրություններ պահանջելով, թե ինչու նրանք ՄԱԿ ԱԽ-ում չեն բարձրացնում անկախ Հայաստանի հանդեպ Բաքվի ու Անկարայի ագրեսիվ գործողությունների հարցը:

«Դրա փոխարեն նրանք ապրում են տարատեսակ հարցազրույցների հաշվին, որոնք ժամանակ առ ժամանակ տալիս են լրատվամիջոցներին։ Այսպես ապրել չի կարելի։ Ադրբեջանի նախագահը խոսում է այն մասին, որ Երեւանը իր քաղաքն է, իսկ մեր պետությունը լռում է։ Ուրեմն նա աշխարհի երկրների մարդկանց սովորեցնում է այն մտքին, որ հայերը նույնիսկ Երեւանն են գրավել։ Մինչդեռ պաշտոնական Երեւանը լռում է»:

Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանց․ Հայաստանի ղեկավարությունը չի կատարում իր ուղիղ պարտականությունները